Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին TACC-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», – նշել են ռազմական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։
Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։