Հայտնի է, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) անցել է արդեն 6 ամիս, և Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ռազմական ոլորտում շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։ Այդ իրավիճակում էլ ստեղծվել է մայիսի 12-ին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը, որն այս պահի դրությամբ շարունակվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ- ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Օպերատիվ-մարտավարական վիճակը ներկա պահին լարված է, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի ուղղություններում փորձում են հարկադրական գործողությունները։ Մեր ստորաբաժանումները՝ նույնպես հակագործողություններով փորձում են ՀՀ տարածք ներթափանցած ուժերն ու միջոցները վտարել»,- ասաց Ասրյանը։
Գիշերվա ընթացքում իրավիճակը լարվել է Կութ-Նորաբակ ուղղություններում, որն իր լարվածության գագաթնակետին է հասել 05։00-ի դրությամբ։ Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական Զինված ուժերը ցանկանում էին առավել ամուր տեղակայվել, հրաման է տրվել նոր մարտական դիրք ստեղծել, այդ աշխատանքները կատարելիս մեր 4 զինվորներին շրջափակել ու հրամայել են հանձնվել, նրանց են մոտեցել ևս 2 զինծառայող՝ բանակցելու պատրվակով, սակայն բոլորին միասին գերեվարել են։