Հայկական կողմն այսօր գիշերը գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար ժամանակ է տվել ադրբեջանական կողմին, սակայն այդ ժամկետը սպառվել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ օպերատիվ գլխավոր վարչության պետ- ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Մեր նշած առաջին ժամկետը սպառվել է։ Մենք տվել էինք 1 ժամ ժամանակ, սակայն սպառվելուն պես մեզ են զանգահարել Ստեփանակերտում գտնվող ռուս գործընկերները և տեղեկացրել, որ Բաքվի համապատասխան ծառայությունն իրականացնում է քննարկում՝ մեր գերիներին վերադարձնելու հարցով։ Դրա համար էլ ժամկետը սպառվելուց հետո համապատասխան գործողություններ չենք իրականացրել»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Վերջինս ասաց, որ ևս մեկ անգամ ժամկետը լրանալու դեպքում համապատասխան պլաններ են մշակվում, որոնք այս պահին ներկայացնել չի կարող։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։