«ՀՀ անվտանգության ապահովելու ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Պատերազմը ցույց տվեց, որ ոչ մի երկիր մեր կողքը չկանգնեց, ՌԴ-ն էր, որ մեր կողքը կանգնեց, և այսօր պետք էր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրվեր Ռուսաստանի հետ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանն, անդրադառնալով Գեղարքունիքում հայ զինծառայողների առևանգմանը, նշել է. «Այդ զորքի, տարածքի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, մարդիկ երեխա են ուղարկել բանակ։ Այսօր սահմանին ժամկետայիններ, կամավորականներ են, բայց սա պատասխանատու հարց է, պետք է «սպեց» զորքեր, ամենաջոկած պարապած տղերքին բերեին՝ կարգավորելու այս վիճակը։ Պետք է կազմակերպել, էս վիճակը կարգավորել։ Եթե 6-ը տարել են, թող 60-ն էլ մենք բերեքինք, մանավանդ սխալն իրենք են արել»։
Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։
ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։
Նշենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։