Մայիսի 25-26-ը Իրանի արտգործանախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակներում եղավ Ադրբեջանում և Հայաստանում։ Երևանում Զարիֆը շեշտեց, որ Իրանը կողմնակից է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը և պատրաստ է հնարավոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Զարիֆի տարածաշրջանային այցի և հայ-իրանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Զարիֆի տարածաշրջանային այցի ուղերձները
Անդրադառնալով ՀՀ սահմանին լարվածության ֆոնին Զարիֆի տարածաշրջանային այցին՝ Ոսկանյանը նշեց. «Ամենակարևորն այն էր, որ Իրանի արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը հավատարիմ լինելու իրանական կողմի սկզբունքը։ Գիտեք, նախորդ այցի ժամանակ խոսք էր գնացել այն մասին, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է։ Ընդ որում՝ այդ ուղերձն ունի երկու ուղղություն, երկու թիրախ։ Առաջինը թուրք-ադրբեջանական դաշինքն է, որը պարբերաբար ոտնձգություններ է իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, և երկրորդն ուղղված է Հայաստանին, առ այն, որ Իրանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանն իր տարածքային ամբողջականության խնդրում որևէ զիջման չգնա»։
Ըստ Ոսկանյանի՝ Զարիֆի այցը, և ընդհանրապես, հայ-իրանական ներկա փոխգործակցությունն ուղղված է տարածաշրջանային մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչմանը։ «Մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է մեր ուշադրությունը գրավի, վերաբերում էր «Պարից ծոց-Սև ծով միջանցքի» ծրագրին, որն անշուշտ ավելի լայն քննարկման առարկա դարձավ Զարիֆի այցից մի փոքր առաջ Հայաստան ժամանած՝ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի հետ բանակցություններում։ Ակնհայտ է, որ Իրանը շահագրգիռ է երկու ուղղությամբ զարգացնել այդ տրանսպորտային հանգույցի հետ կապված խնդիրները՝ հատկապես Հայաստանի ներգրավմամբ։ Խոսքը գնում է Սյունիքի մարզի միջով ավտոճանապարհային հատվածի մասին. երկրորդը, որը նույնպես հետաքրքիր էր, խոսվեց իրանական Ջուլֆա-Նախիջևան-Երասխ երկաթուղագծի գործարկման մասին, որն, ըստ իրանական տրամաբանության, տեղավորվում է «տարածաշրջանային ապաշրջափակում» կոչվող ծրագրի սահմաներում»։
Իրանը Հայաստանի հետ տրանսպորտային ծրագրերով փորձում է հակադրվել թուրք-ադրբեջանական ծրագրերին
Ըստ իրանագետի՝ ակնհայտ է, որ Իրանը Հայաստանի հետ տրանսպորտային ծրագրերով փորձում է հակադրվել թուրք-ադրբեջանական ծրագրերին։ «Իրանցիները փորձում են Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար հնչեցվող այդ «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալին հակադրել Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, և Պարսից ծոցը Սև ծովին կապող տրասնպորտային հանգույցը Սյունիքի մարզով։ Երկրորդը, եթե տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, ապա իրանցիները համարում են, որ առաջնայինը Հայաստանի հետ երկաթուղային կապի հաստատումն է։ Դրա միջոցով իրանցիները կարող են կապ հաստատել Վրաստանի և, հնարավոր է, Ռուսաստանի հետ։ Ուստի այս երկու հանգամանքներն էին չափազանց կարևոր»։
«Մեկ այլ կարևոր ուղերձ էլ կար, որին արժե անդրադառնալ։ Խոսքը գնում է Սյունիքում իրանական ներկայության մեծացման մասին, Սյունիքի կարևորության մասին իրանական շահերի համատեքստում, ինչը կարող է օգտակար լինել, որ Իրանը կարող է Սյունիքի մարզի տնտեսական հատվածում ներդրումների և իր ներկայության աճի միջոցով բարձրացնել Սյունիքի անվտանգության մակարդակը, ինչը նույնպես խիստ կարևոր է Հայաստան-Իրան համընկնող շահերի տեսնակյունից»,-ընդգծեց իրանագետը։
Պատժամիջոցներից դուրս եկած Իրանը կարող է ավելի մեծ տարածաշրջանային դերակատարություն ունենալ
Անդրադառնալով Իրանի «միջուկային պատժամիջոցների» թուլացմանը և դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, Ոսկանյանը նշեց. «Որոշակի լարվածության թուլացման գործընթաց կա ԱՄՆ-ի և Իրանի միջև, հատկապես ԱՄՆ խոշոր պատժամիջոցների չեղարկման հարցով, և Իրանի շուրջ ու Իրանում լարվածության թուլացման միտում, բնականաբար, բխում է ՀՀ շահերից։ Իրանը ստանում է տնտեսական հատվածում լայն հնարավորություններ, մասնակցություն ունենալու Հայաստանում տնտեսական վերականգմանը, և երկրորդը՝ Իրանի շահերի տեսանկյունից թուլանւում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը։ Պատժամիջոցների պայմաններում իրանցիները հաճախ ստիպված են իրենց հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ պահպանել այն մակարդակի վրա, որպեսզի հնարավոր լինի այդ պատժամիջոցների հետևանքները թեթևացնել։ Պատժամիջոցներից դուրս եկած Իրանը կարող է ավելի մեծ տարածաշրջանային դերակատարություն ունենալ, ինչը, բնականաբար, կարող է հավասարակշռել թուրքական ներկայությանը թե՛ հարավկովկասյան տարածաշրջանում, թե՛ Մերձավոր Արևելքում։