Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հունիսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերվում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։