Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ կատարելու ենք, և բարեփոխելու ենք համակարգը»,- նշել է նա։
Նա նշել է, որ պետծառայողները պաշտպանված են, բայց հեղափոխությունից հետո կառավարման համակարգում մարդկանց մի մասը տորպեդահարել է այդ համակարգը։
«Կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի կառավարման համակարգը միասնական աշխատի»,- նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում կադրային ջարդ և արդյոք խոսքը վերաբերում է նրանց պաշտոնանկությանը, ովքեր իշխող ուժի կողմնակից չեն, Գրիգորյանը հայտարարել է.
«Խոսքը նրանց մասին է, ովքեր չեն աջակցում այն բարեփոխումներին, որոնց անցկացման մանդատը մենք ստացել ենք։ Կարևոր չէ, թե ում են ընտրել։ Հարցն այն է՝ բարեփոխումների օրակարգին աջակցո՞ւմ են, թե՝ ոչ»։
Նա նշել է, որ բարեփոխումներին չաջակցողները պետք է դիմումներ գրեն և հեռանան։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կադրային ջարդ է սպասվում։
«Ինչպես 2018 թվականին հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այդ ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում: Այո, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը, և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից»,- ընդգծել էր Փաշինյանը: