Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունները ստեղծում է Ադրբեջանը, ինչի վերաբերյալ մենք ինքներս պետք է համոզենք մեր միջազգային գործընկերներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այլ տեղերում մեղավորների փնտրտուքը շատ սխալ տեղ է տանում հայկական կողմին։
Ըստ Ավինյանի՝ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ՝ հնարավորինս զսպված, բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր զինված ուժերի, սահմանապահ զորքերի պարտականությունն է:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ Ավինյանը նշեց, որ վաղ, թե ուշ անպայման սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենան բոլոր հարևանների հետ: «Բայց մեր սահմանը շատ կոպիտ խախտելը և մեր սահմանի ներսում տեղակայվելը, մեզ շանտաժի մեթոդներով փորձելը ինչ-ինչ գործողությունների մղելն անարդյունավետ ճանապարհ է, դա որևէ արդյունք չի կարող տալ»:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այժմ առաջնահերթ կարևորություն է արհեստականորեն ստեղծված խնդիրները հանգուցալուծումը, որից հետո արդեն քննարկում կսկսվի ֆունդամենտալ հարցերի շուրջ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս հարցը դիվանագիտական լուծում կունենա: