Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ շուտով հաղորդագրություն կտարածեն։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում էր լարված մնալ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված էր ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ըստ լրատվամիջոցների, ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։