«Ցավոք սրտի, շարունակվելու են սահմանային միջադեպերը, և չի բացառվում, որ մի քիչ էլ ավելանան»,- այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը։
«Շատ հստակ քաղաքական խնդիր ունի Ադրբեջանը, որի մասին նրանք բացահայտ ասում են՝ միջանցքի հարցը, սահմանների ճշգրտումը և խաղաղ պայմանագիրը»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանն այս ամեն ինչը հստակ բացատրելու խնդիր ունի։
«Բավականին երկար ժամանակ այդ տենդենցը երևում է․ այսինքն՝ նրանք միանշանակ ասում են, որ նման խնդիր ունեն, նման ձգտում ունեն»,- նշեց փորձագետը։
Ըստ Հարությունովի՝ առաջիկա ժամանակահատվածում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում չի կայունանա։
«Սահմանային լարվածությոունը շարունակվելու է, և դժվար թե մոտակա օրերին դադարի, մինչև որոշակի խնդիրներ չլուծվեն, կամ դրսից ինչ-որ միջամտություն չլինի, ինչի հավանականությունը դեռևս շատ քիչ է»։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել՝ կրակ բացելու հայկական դիրքրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող։ Հայկական կողմն ադրբեջանական սադրանքի դադարեցնելուն միտված հակազդող գործողությունների է դիմել։
Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ոտնձգությունների է դիմել նաև հուլիսի 16-ին և 17-ին։ Զուգահեռաբար հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ տեղամասի՝ Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորում է ստացել 3 զինծառայող։
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 11: 30 – ից հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի հատվածում, մասնավորապես, Երասխ գյուղի ուղղությամբ, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով հայ դիրքապահների ուղղությամբ: Հայկական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել։
Ավելի ուշ Armenia Today-ի թղթակցին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն այսօր ժամը 15:30-ից վերսկսել է Արարատի մարզի Երասխ գյուղի շրջանում տեղակայված հայկական դիրքերի գնդակոծությունները: