Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան հատվածում (Սոթք-Վերին Շորժա) սկսված մարտական գործողությունները առավոտյան ՌԴ-ի միջնորդությամբ դադարեցվել են։
«Հետք»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը Վերին Շորժայի հատվածում երկու հայկական դիրքը վերցրել է իր վերահսկողության տակ։ Որոշ ժամանակ անց հայկական զինուժը այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանմանը հետ է շպրտել:
Ըստ «Հետքի» նույն աղբյուրի՝ այդ հատվածում այժմ տեղակայվել են ՌԴ զինծառայողներ։ ՊՆ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Հետք»-ի հարցին ի պատասխան, ասել է. «Ռուսներն այնտեղ են, ժամը 10:40-ից բանակցություններ են ընթանում»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ժամը 03:40-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով երկու կողմն էլ կորուստներ ունի։ Հայկական կողմը երեք զոհ և երեք վիրավոր ունի։ Ադրբեջանն իր կորուստների մասին տվյալներ չի հրապարակել։