Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ երեկ գիշերը՝ ժամը 3:40-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում։ Ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։