Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու առաջարկը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:
Մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել։ Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը լիարժեքորեն ապահովի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Նա նշել էր, որ դա հնարավորություն կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։
Հիշենենք նաև, որ տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։