ԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որն օգոստոսի 9-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան, հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում ռազմական բաղադրիչի զարգացման շրջանակներում նախատեսվում է ստորագրել 4 կարևոր փաստաթուղթ: Դրանց թվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են «համակարգող պետության» միջոցով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներգրավման կարգն ու հնարավորությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով հագեցնելու պլանը:
Արշակ Կարապետյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի 2021 թվականին պլանավորված զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբեր-նոյեմբերին Տաջիկստանում և Ռուսաստանում:
ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է վաղը՝ օգոստոսի 10-ին, այցելել ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը:
Օգոստոսի 10-ին, ինչպես սպասվում է, տեղի կունենա Ստանիսլավ Զասի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: