ՀՀ պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ, ռազմական փորձագետ և վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանն Armenia Today-ին տված հարցազրույցում պատմել է պատերազմի պարտության հիմնական պատճառների, նախապատերազմական շրջանում բանակաշինության մեջ թույլ տրված սխալների մասին:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ հակառակորդին հաջողվել է լուծել օդային գերազանցության խնդիրը ու, կիրառելով ժամանակակից միջոցներ, հաղթանակ ապահովել։ Փորձագետը նշել է, որ այսօր աշխարհում պատերազմների 4-րդ սերնդից դեպի 5-րդ սերնդի պատերազմների անցում է տեղի ունենում։ Նա նշել է, որ որոշ առաջադեմ երկրներ արդեն անգամ անցնում են պատերազմների 6-րդ սերնդին:
Փորձագետը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան արցախյան վերջին պատերազմի ընթացքում 5-րդ սերնդի շատ միջոցներ են կիրառել, ինչն էլ կանխորոշեց դրա ելքը։ Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դեռևս մնում են 4-րդ սերնդի մեջ, որին բնորոշ է ցամաքային զորամիավորումների լայնածավալ կիրառումը:
Հովհաննիսյանի խոսքով՝ մեր գլխավոր սխալն այն էր, որ մենք մինչև վերջ չգիտակցեցինք, որ առաջիկա պատերազմում գլխավոր դերը խաղալու է ոչ թե ցամաքային մարտական տեխնիկան՝ տանկերը, զրահամեքենաները և ԲՄՊ-ները, այլ թվային կառավարման տեխնոլոգիաները, առավելությունն օդում։
«Կարճ ասած՝ գլխավոր խնդիրը կրթության հարցն է։ Եվ խոսքը հանրակրթության մասին է, ինչից էլ իր հերթին կախված է ռազմական կրթությունը», – նշել է Հովհաննիսյանը։
Պարտության պատճառների թվում ՊՆ նախկին ներկայացուցիչը նշել է նաև հայ հասարակության տրամադրությունները։
«Եթե շատ կարճ ասենք, մենք պատրաստ չեղանք պատերազմի։ Մասնավորապես, մենք ի սկզբանե պատրաստ էինք որոշակի զիջումների, մինչդեռ հակառակորդը հետևողականորեն պատրաստվում էր ոչ թե փոխզիջումային լուծումների, այլ տարածքների գրավմանը։ Եվ, համապատասխանաբար, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն էր քարոզում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։