Պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերի սպառազինության համակարգի զարգացման առաջնահերթությունը պետք է լինի բարձր ճշգրտության սպառազինությունը։ Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ, ռազմական փորձագետ և վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք արդեն այսօր պետք է աշխատենք բարձր ճշգրտության սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ։ Դրանք հիմնականում օդային հարձակման միջոցներ են, նույն ԱԹՍ-ները, ինչպես նաև հրթիռային, հրթիռահրետանային բարձր ճշգրտության սպառազինությունը»,- ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայկական զինանոցն անհրաժեշտ է համալրել նաև ինքնագնաց հաուբից հեռահար հրետանիով:
«Այդ տեսակի մասին քիչ են խոսում, քանի որ նորաձև չէ: ԱԹՍ-ները հագեցած են տեսախցիկներով, որոնք արձանագրում են թիրախների խոցումը, այնուհետև այդ կադրերը տեղադրվում են սոցիալական ցանցերում, որոնք շատ լայն տարածում են ստանում: Միևնույն ժամանակ, ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է բարձր ճշգրտության 152 կամ 155 մմ արկը հասնում թիրախին և խոցում այն»,-ասաց մեր զրուցակիցը:
Մինչդեռ, օրինակ, փորձագետի խոսքով, նաև«Սմերչ» համազարկային հրթիռային կայանները կատարում են կարևորագույն խնդիրներ։ Արծրուն Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին:
«Ինչպես միշտ, նրանք ասում են մի բան, իսկ սահմանին բոլորովին այլ բան է տեղի ունենում։ Նրանք խոսում են ինչ-որ խաղաղության համաձայնագրերի մասին, մինչդեռ գրեթե ամեն օր սահմանին հրաձգություն են հրահրում, անօդաչու թռչող սարքեր են արձակում։ Միակ բանը, որին ես հավատում եմ, մեր բանակի զորությունն է»,- ընդգծեց փորձագետը։
Պատասխանելով հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության հնարավորության վերաբերյալ դիտարկմանը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է.«Որպես հայ և ռազմական մարդ, որպես պրոֆեսիոնալ պատմաբան՝ ասեմ, որ ես դրան չեմ հավատում և երբեք չեմ հավատացել»։
Մանրամասները՝ տեսանյութում։