Ռուսական 102 – րդ ռազմաբազան տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխավորն է և առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ դեր ունի բազան Հայաստանի անվտանգության և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ, բազայի անձնակազմը հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ մշտապես կատարելագործում է ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու ձևերն ու մեթոդները:
Դեսպանատունը հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների՝ 2020 թվականի մայիսի 26-ի նիստին: Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը նպաստում է Անդրկովկասում խաղաղության պահպանմանը։
«Միավորման զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների արդիականացումն ու վերազինումն է, ինչը գրեթե երկու անգամ կմեծացնի բազայի մարտական ներուժը։ Այդ գործընթացը կշարունակվի, սակայն զինծառայողների թվաքանակը կմնա անփոփոխ», – ասված է մեկնաբանության մեջ։
Պատասխանելով հնարավոր արտատարածաշրջանային սպառնալիքների տեսանկյունից ռազմակայանի նշանակության մասին հարցին՝ դեսպանատան մամուլի ծառայությունից նշել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 2019 թվականի հոկտեմբերին 102-րդ ռազմակայանի տեսչության արդյունքներով հայտարարել է, որ ռազմակայանը Կովկասում կայունության երաշխավորն է, որը կարող է ՀՀ ԶՈՒ հետ համատեղ դիմակայել անվտանգության ցանկացած սպառնալիքների և մարտահրավերների: «Դրա հետ դժվար է չհամաձայնել», – ասվում է մեկնաբանության մեջ: