Երկօրյա այցով Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում Armenia Тoday-ն ամփոփել է այցը։ Նշենք, որ ՀԱՊԿ քարտուղարն ավելի վաղ՝ դեռ հուլիսի սկզբին, հայտարարել էր՝ ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Մինչդեռ Երևանում Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են Հայաստանի և ողջ ՀԱՊԿ-ի համար։ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ակնառու է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարության դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ կան։
«Կարծում եմ՝ առաջին հերթին, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը, և առաջին հերթին Ռուսաստանը, սկսում են մտահոգվել այն փաստից, որ ՀՀ իշխանությունները, ըստ էության, այլևս հրաժարվում են պաշտպանել նաև սեփական սահմաններն ու սեփական սահմանները պահպանելու համար տարբեր աշխարհաքաղաքական ու, գուցեև, ռեգիոնալ խաղացողների են հրավիրում։ Կարծում եմ՝ այդ ռազմաքաղաքական միավորման մեջ, նախևառաջ Ռուսաստանի ռազմաքաղաքական ուժային կառույցներում սկսում են հասկանալ, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ եթե հիմա ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ֆորմատով այստեղ սահմանների վերահսկողության հարցը չստանձնի, ապա շատ հնարավոր է՝ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դրանով սկսեն զբաղվել այլ միջազգային խաղաղացողներ։ Կարծում եմ՝ տրամադրություններում բավականին երևացող փոփոխությունները, որոնք արտացոլվեցին ՀԱՊԿ քարտուղարի գնահատականներում, նաև մի շարք այցերում, ցույց են տալիս, որ Ռուսաստանը, որը տվյալ դեպքում հանդես է գալիս ՀԱՊԿ-ի միջոցով, փորձում է սահմաններում իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Ստանիսլավ Զասի բուն այցն ինքն արդեն իսկ մեսիջ էր առ այն, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։
«Բացի այդ, ամեն դեպքում, թե՛ Եռաբլուր, թե՛ առաջնագիծ կատարված այցելությունները նույնպես ցույց էին տալիս, որ ՀԱՊԿ-ը փորձում է վերահսկողությունն ու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ պաշտպանության նախարարի վերջին հայտարարություններին, որոնց մեջ ակնհայտ է կոշտ հռետորաբանությունը։ Նշենք, որ նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանն օրերս պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում ՀՀ պաշտպանության նախարարության կտրուկ կոշտացած հռետորաբանությունը, քաղտեխնոլոգը նշել է, որ, առհասարակ, կազմակերպված և նորմալ իշխանական համակարգ ունեցող երկրներում միշտ էլ ուժայիններն ավելի կոշտ հռետորաբանություն են ցուցաբերում։
«Բայց այս պարագայում, եթե վերոնշյալը որպես քարոզչական հնարք դիտարկենք, դա գուցե քարոզչական էֆեկտիվ քայլ է՝ ՀՀ ներքին սպառողի ականջը շոյելու տեսանկյունից։ Բայց կա շատ պարզ հակասություն։ Եթե կա նման հրաման, ես չեմ հասկանում, թե ի՞նչն է խանգարում հենց հիմա կրակ բացել, օրինակ, Սև լճի մոտակայքում արդեն երեք ամիս տեղավորված ադրբեջանցի զինյալների նկատմամբ, ոչնչացնել Գեղարքունիքում տեղակայված սահմանախախտներին, թե՞ խոսքն ապագայի մասին է, ապագայում սահմանախախտների մասին։ Այսինքն, սա նշանակում է, որ մայիսի 12-ից հետո այստեղ ներխուժած ադրբեջանցիների տեղակայման բուն փաստն արդեն մարսվե՞լ է և շուտով իրավաբանական սահմանում կստանա՞»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նա հիշեցրեց, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ էր կոշտ հռետորաբանությամբ հայտարարություններ հնչեցնում, խոսում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսի կիրառման մասին։
«Շատ տխուր կլինի, եթե նման հռետորաբանությունը, որի տակ կոնկրետ գործ չկա, մեր պաշտպանության նախարարների աշխատանքի ոճում տենդենց դառնա։ Ամեն դեպքում, դա իհարկե, որոշակի քաղաքական տենդենց ունի։ Գուցե այդ հայտարարությունը, այդ կոշտությունը տեղավորվում է նաև նույն աշխարհաքաղաքական որոշակի հստակեցումների դաշտում, մասնավորապես, ՀԱԿՊ-ի՝ արդեն իսկ մեր քննարկված դիրքորոշումների շրջանակում, և սա գուցեև այդ տիրույթում պետք է դիտարկել։ Ամեն դեպքում, հրամանը տրված է և կարծում եմ, որ հաջորդ րոպեին մայիսի 12-ից Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների նկատմամբ պետք է կրակ բացվեր»։
Ըստ քաղտենոլոգի՝ հայտարարությունը լուրջ համարել կարող է միայն նման քայլի դեպքում, իսկ մինչ այդ այն պարզապես զուտ քարոզչական հնարք է։