«Խոսում ենք գլխավորի մասին» ծրագրի այսօրվա հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
– 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է փակուղային համարել։ Երևանն ու Բաքուն հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով։ Ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը:
– Իրադարձությունների հետագա զարգացումը կանխագուշակելը դժվար չէ։ Հակառակորդը դե ֆակտո վերահսկողություն է սահմանում Սյունիքի մեր ճանապարհների նկատմամբ, ինչին ոչ ոք չի խոչընդոտում։ Իշխանություններն օգտագործում են հետևյալ մարտավարությունը՝ տարածքները հանձնել, հետո ներքին լսարանի համար արդարացումներ փնտրել։ Արդարացումները տարբեր են, հիշատակվում են նաև խորհրդային շրջանի քարտեզները։
Իմ կարծիքով՝ այդ մարդիկ մոռացել են, որ Խորհրդային Միությունը, ԽՍՀՄ սահմանները վաղուց արդեն չկան։ Նրանք բացարձակապես չեն տիրապետում ներկայիս իրավիճակին, ծանոթ չեն պատմական փաստերին։ Օրինակ՝ Հայկական ԽՍՀ հռչակման պահին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միջև օրինական գոյություն ուներ իրական տրանսպորտային միջանցք՝ նույն Լաչինի միջով։ Շատ զիջումներ եղան հենց Հայկական ԽՍՀ-ից, այլ ոչ թե առաջին հանրապետությունից՝ հանուն հայերի և ադրբեջանցիների միջազգային բարեկամության։ Պետք է տիրապետել այդ տվյալներին, բարձրացնել արխիվները, ուսումնասիրել աշխարհագրական և վարչական քարտեզները, այլ ոչ թե ապավինել սահմանների հաշվարկման և հստակեցման ինչ-որ նոր համակարգերի։ Բայց ներկայիս հայկական իշխանության օրոք դա բացառվում է։ Դրանով պետք է զբաղվեն մասնագետները։ Դատելով ամենից՝ մենք այս թուրքամետ կառավարությունից դեռ շատ տհաճ անակնկալներ կունենանք։ Առաջնորդվելով խորհրդային ժամանակներից ժառանգած «միայն թե պատերազմ չլինի» թեզով՝ իշխանությունը հետևողականորեն զիջում է Հայաստանի տարածքները։ Այդ խոսակցություններով արդարացնելն անիմաստ է, այդ դեպքում պետք է խոսել նաև հայկական Արծվաշեն գյուղի մասին, որը խորհրդային տարիներին մտնում էր Հայկական ԽՍՀ կազմի մեջ։
– Բաքուն շարունակում է ռազմական ճնշումները սահմանի վրա, իսկ վերջերս դիմել էր հերթական սադրանքի՝ Սյունիքում փակելով միջպետական ճանապարհը։ Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Ադրբեջանը, որքանո՞վ է հավանական հետագա էսկալացիան սահմանին, և արդյո՞ք հնարավոր է կարգավորել այդ բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ:
– Ոչ, բանակցություններով այդ խնդիրները չեն լուծվի։ Պետք էր պաշտպանել տարածքները, այնտեղից վտարել օկուպանտներին և միայն հետո ու միայն ուժի դիրքերից բանակցություններ վարել։ Նման բանակցություններն անիմաստ են, հստակ ցուցիչ է Հյուսիսային Կիպրոսի օրինակը։ Միջազգային հանրությունը 1974 թվականից թուրքերի հետ բանակցություններ է վարում և ի՞նչ։ Կիպրոսի տարածքային ամբողջականությունը վերականգնվե՞լ է, Թուրքիայի օկուպացիոն ուժերը հեռացե՞լ են կղզուց։ Ոչ, խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Ադրբեջանցիներն առաջ են գնացել ոչ միայն Սև լճի ուղղությամբ, այլ նաև այլ հատվածներում, որոնք չեզոք գոտի են համարվում։ Բայց դեռ 90-ականների կեսերին հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այն մասին, որ այդ գոտիներում զորքեր չպետք է լինեն ոչ այս, ոչ էլ այն կողմից։ Քո տարածքի մի մասն օկուպացրած թշնամուն ոչ մի բանակցություն չի ստիպի հեռանալ։ Ոչ թե պաշտպանության նոր նախարարի մերկապարանոց հայտարարությունները, այլ միայն ուժն ու վճռականությունը կարող են շտկել իրավիճակը։
– Երևանի և Մոսկվայի ներկայացուցիչները հայտարարել են Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների մասին, ակտիվացել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև շփումները, ինչը Բաքվի կտրուկ դժգոհությունն է առաջացրել: Որո՞նք են հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները, ռուսական ռազմական օգնությունը Երևանին կազդի՞ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վրա։
– Ոչինչ չի խախտի Ռուսաստանի այսօրվա սիրահարվածությունն առ Ադրբեջան։ Ես դեռ չեմ լսել, որ ռուս խաղաղապահները գոնե մեկ անգամ օդ կրակ բացեն՝ ի պատասխան ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների։ Ինչպես, օրինակ, եղել է 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում։ Հավանաբար, ստեղծվել է նույն իրավիճակը, ինչ 1988-ին Սումգայիթում։ Քաղաք էին մտցվել խորհրդային զորքեր, որոնք երեք օր շարունակ հետևում էին հայերի ջարդերին՝ արդարացնելով, որ նրանք միջամտելու հրաման չունեն։ Իսկ հետո Գորբաչովը խոսում էր այն մասին, որ զորքերն ուշացել են երեք ժամով։ Սա հայտնի պատմություն է։ Հավանաբար, այսօրվա Ռուսաստանը որոշել է հետևել Գորբաչովի օրինակին։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին։ Սկզբունքորեն որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը։
– Բացարձակ անիրատեսական է։ Դա մանկական շաղակրատել է։ Ըստ երևույթին, թելադրված Է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Ադրբեջանը բազմիցս կտրականապես հայտարարել է, որ խնդիրը լուծված է, և որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չունի։
– Փաշինյանը նաև հայտարարեց, որ պետք է հնարավորինս արագ սկսել սահմանների դելիմիտացիայի աշխատանքները։
– Քանի դեռ իշխանության ղեկին այդ մարդիկ են, մենք կկորցնենք նորանոր տարածքներ։ Ինչ սահմանազատման և սահմանների հետագա սահմանազատման մասին կարող է խոսք լինել այն պայմաններում, երբ պատերազմն, ըստ էության, չի ավարտվել։ Եթե ինչ-որ մեկը մտածում էր, թե Արցախը թուրքերին նվիրելով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում է լինելու, ապա շատ է սխալվում։ Դա ակնհայտ է։ Դավաճանները պատրաստում են հերթական դավաճանությունը, այս անգամ՝ հայ ժողովրդի պատմական հիշողության նկատմամբ։ Խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարից հրաժարվելու մասին է։