Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու իրանցի վարորդներից գումար են պահանջում։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ առհասարակ, ստեղծված իրավիճակը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական բազում ռիսկեր է պարունակում։
«Նախ՝ սա Հայաստանի անվտանգության ու պետականության նկատմամբ ոտնձգություն է։ Ցանկացած մտածող մարդու համար հասկանալի էր, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ճնշում է գործադրելու Հայաստանի վրա։ Բայց խնդիրն առաջին հերթին հենց Հայաստանի իշխանությունների մեջ է․ այդ ճանապարհն ինչ-որ բանավոր համաձայնությամբ, ինչ-որ կեղծ քարտեզների հիման վրա Ադրբեջանին նվիրելը պետական հանցագործություն է։ Իսկ այս իրավիճակից օգտվում է թշնամին»,- Armenia Today-ի հետ զրույցում ասաց Մանվելյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական հնարավոր խնդիրներին, նրա խոսքով՝ ռիսկերը շատ մեծ են․
«Լրջագույն նոր վտանգների ենք բախվում։ Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային բնույթի մասին է։ Ե՛վ Արցախյան առաջին պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան-Իրան սահմանը միակ բաց սահմանն էր Հայաստանի համար, որի միջոցով նաև ռազմական ապրանքներ էին ներկրվում։ Ամբողջ ռազմամթերքը մենք ստացել ենք հենց այդ սահմանով։ Այսինքն, իրանական սահմանը մեզ համար ռազմավարական ու անվտանգային գերկարևոր նշանակություն ունի։ Հիմա, փաստորեն, այդ ճանապարհը նվիրաբերված է Ադրբեջանին։ Աստված չանի, եթե վաղը մյուս օրը նոր կոնֆլիկտ սկսվի, ինչի ռիսկերը կան, այդ ճանապարհն իրենք ուղղակի փակելու են ու այդ ճանապարհով Հայաստան ոչինչ չի գալու։ Հետևաբար, լրջագույն անվտանգային ռիսկերի առաջ ենք կանգնում, որի հետևանքները մենք դեռ տեսնելու ենք»։
Ինչ վերաբերում է տնտեսական ռիսկերին, Արմեն Մանվելյանը մի քանի խնդրի մասին մատնանշեց․
«Նախ՝ տարեկան նվազագույնը 25 հազար մեքենա է հատում այդ սահմանը։ Հայաստանն օգտագործում են որպես տարանցիկ երկիր, ինչը բավականին մեծ ֆինանսական հոսքեր է ապահովում մեր երկրի համար։ Հիմա ադրբեջանցիները հստակ կերպով փորձում են այդ ֆինանսական հոսքերից կտրել Հայաստանը։ Չեմ բացառում նաև, որ կարող են իրանցիներին համոզել Վրաստան գնալ Ադրբեջանի տարածքով։ Չնայած Ադրբեջանի տարածքով ավելի երկար է, բայց կարող են համոզել, որ այդպես ավելի ապահով է։ Մենք այս առումով տնտեսական խնդրի առաջ ենք կանգնելու։ Հարվածի տակ է դրված նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան ներկրումն ու արտահանումը։ Բացի այդ, եթե այսօր իրանական մեքնենաներն են կանգնեցնում, վաղը կարող են կանգնեցնել մեր մեքենաները։ Իսկ, ընդհանուր առմամբ, բեռնատար մեքենաների շարժի դանդաղումը, ամեն օրվա ձգձգումը ևս ֆինանսական մեծ վնասներ է հասցնում այդ երկրներին։ Հայկական ճանապարհն ընտրում են, որովհետև այդպես դեպի վրացական նավահանգիստներ շատ ավելի կարճ է։ Իրենց օգուտը կարճ ժամանակում հասնելն է։ Եթե տրանսպորտի շարժը շատ դանդաղի, այլ ճանապարհներ կընտրեն, ինչը հենց Ադրբեջանով է գնում։ Ադրբեջանի նպատակը վնաս հասցնելն է թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսությանը»։
Արմեն Մանվելյանի խոսքով՝ շատ մեծ ռիսկեր կան նաև էներգետիկ տեսանկյունից։ Անդրադառնալով նաև Որոտանի կասկադի շուրջ հնարավոր ռիսկերին՝ նա ասաց․
«Եթե էներգետիկ խնդրի տեսանկյունից դիտարկենք, ապա այդտեղով է անցնում Հայաստանն Իրանին կապող բարձրավոլտ համակարգը։ 4-5 տարի է՝ արդեն սկսել է կառուցվել երրորդ բարձրավոլտը, որը, ցավոք, շատ դանդաղ է ընթանում, բայց, այնուամենայնիվ, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ոչ միայն Որոտանի կասկադը, այլև ամբողջ բարձրավոլտ համակարգն է հարվածի տակ գտնվում, որովհետև թշնամին ցանկացած պահի կարող է ստիպել, որ այդ համակարգն ընդհանրապես չաշխատի, կանգնեցվի։ Այսինքն՝ նաև էներգետիկ լրջագույն ռիսկեր կան, որի մասին չենք խոսում, բայց պետք է բարձրաձայնել։ Այստեղ ոչ միայն Որոտանի կասկադի, այլև ընդհանրապես մեր բարձրավոլտ համակարգի հետ կապված խնդիր կա»։
Արմեն Մանվելյանն ընդգծեց, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը սինխրոնիզացված է Իրանի էներգետիկ համակարգի հետ․
«Եթե այդ սինխրոնիզացիան քանդվի, մենք նոր էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվենք։ Երբ մեզ մոտ էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր է լինում, այդ պակասը կարող ենք ստանալ Իրանից։ Նաև էլեկտրաէներգիայի գերաճ է լինում, որի դեպքում մի մասն ուղղվում է Իրան, ինչը հնարավորություն է տալիս լիցքաթափել մեր էլեկտրաէներգիայի համակարգը։ Այս պարագայում, սակայն, սինխրոնիզացումը ևս կարող խախտվել, ինչը ևս մեծ ռիսկեր է պարունակում»։