Այս նորության մեջ որևէ արտառոց բան չկա։ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով RT-ի այն հրապարակմանը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ:
«Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համակարգի գրասենյակի ( INL), ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (USAID), Եվրոպական Միության (Թայեքս փորձագետների աջակցության գործիքի ներքո) Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Համաշխարհային Բանկի (World Bank) հետ»,- ասաց Մարտիրոսյանը։
Խոսնակը նշեց, որ բարեփոխումներին միտված նախագծերի վերաբերյալ տարբեր ծրագրերի շրջանակներում նշված կառույցների կողմից փորձագիտական խորհրդատվություն են ստանում։
«Այնպես որ, լրատվամիջոցում առկա տեղեկությունը մեր ամերիկյան գործընկերների հետ ընդամենը մեկ փորձագետի ներգրավմանն է վերաբերում»,- ասաց խոսնակը։
Հարցին, թե երբ է նախատեսվում ստեղծել հակակոռուպցիոն կոմիտեն՝ Մարտիրոսյանը նշեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագծի լրամշակման աշխատանքներ են իրականացնում, իսկ կոմիտեի ստեղծումը պլանավորում են 2021 թվականին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է վարձել մասնագետ, որը կօգնի Հայաստանի կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ։ Նա պետք է համագործակցի հանրապետության արդարադատության նախարարության հետ և նպաստի բարեփոխումների առաջխաղացմանը։
Խորհրդականն աջակցություն կցուցաբերի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմինների ստեղծման և դրանց արդյունավետության բարձրացման գործում (այդ թվում ՝ կրթության գործընթացում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի):