Սահմանադրական դատարանի երեք դատավորի թափուր մնացած պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների, դատական համակարգի բարեփոխումների և Սահմանադրական դատարանի կազմի հավասարակշռվածության շուրջ Armenia Today-ը զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ։
-Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված է 3 թեկնածու։ Ըստ Ձեզ՝ թեկնածուներից ո՞րն է ընտրվելու այդ պաշտոնում և ինչո՞ւ։
-Շատ լավ եմ ճանաչում երեք թեկնածուներին: Որքանով որ ճանաչում եմ՝ երեքն էլ սկզբունքային, պրոֆեսիոնալ և լուրջ մարդիկ են և համապատասխանում են այդ պաշտոնի չափանիշներին։ Բայց թե Ազգային ժողովն ինչ վերաբերմունք ցույց կտա և ում կընտրի, դա իրենց խնդիրն է։
-Իշխանությունները հայտարարել են, որ գնում են թափանցիկ եւ կոռուպցիայից զուրկ դատական համակարգի կառուցման ճանապարհով։ Այդ առումով դատավորների փոփոխությունը որքանո՞վ կնպաստի դատական համակարգի բարեփոխմանը և կոռուպցիայի կանխարգելմանը։
-Որքանով որ ես հետևում եմ արդարադատության նախարարության որդեգրած դատական համակարգի բարեփոխման ընթացքին և ծրագրին, դա անգրագետ, ոչ մի դրական արդյունք չտվող գործընթաց է, որովհետև այդ բարեփոխումների արդյունքի առումով չկան ոչ մի կոնցեպտուալ հիմնավորումներ։ Դատական համակարգի նկատմամբ ընդամենն իրականացվում է դրվագային, անգրագետ փորձարարություն՝ լավ կլինի՝ լավ կլինի, լավ չլինի՝ հերն էլ անիծած սկզբունքով։ Իսկ դրվագային փորձարարությունը ո՛չ դրական, ո՛չ բացասական արդյունք չի ունենալու՝ դոփելու ենք նույն տեղում։
Դատական համակարգի բարեփոխման համար պետք է գիտական մտքի ներգրավմամբ իրականացնել հետազոտություն, որպեսզի հիմնավորվեն գործողների վատ կողմերը, թերությունները և փոփոխությունների իմաստը, ընդ որում՝ տրամաբանորեն հիմնավորված ձևաչափով։
Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից Սահմանադրական դատարանն առնչություն կարող է ունենալ միայն համապետական ընտրությունների կեղծման դեպքում դրական որոշում կայացնելով։ Եվ եթե իշխանությունն ունի ընտրությունները կեղծելու հնարավորություն, իսկ սահմանադրական դատարանը հավանություն տալու, ապա կոռուպցիայի առումով լինելու է վերարտադրող։
Եվ ընդհանրապես, մի դատավորին մյուսով փոխարինելը կոռուպցիայի խնդիրը չի լուծում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային պայքար է։ Առաջին հերթին կոռուպցիան պետք է արմատախիլ արվի մարդկանց գիտակցությունից, պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն կոռուպցիոն դրսևորումների իմաստը։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ նախագահի առաջադրած 5 թեկնածուներից 4-ը մերժվել են Ազգային ժողովի կողմից։
-Դա նախագահ-Ազգային ժողով հարաբերություններն են։ Խորհրդարանի մեծամասնության քաղաքական մոտեցումները գուցեև չեն համընկել այդ թեկնածուների հետ։ Դա նորմալ գործընթաց է, բայց, ընդհանուր առմամաբ, այս իրավիճակին ականատես ենք գործող սահմանադրության շատ լուրջ բացերից մեկի պատճառով։
Նախագահի կողմից առաջադրելու, Ազգային ժողովի կողմից ընտրելու կարգը իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկբունքից չի բխում։ Եվ այստեղ հավասարակշռությունը խախտվում է սահմանադրական մակարդակով։
Ներեցե՛ք, բայց միջակ, խոր գիտելիքներ չունեցող մասնագետների կողմից ձևավորվող համակարգը, համոզված եմ, որ չի ստացվելու։
Լուսինե Թևոսյան