Սահմանադրական դատարանը հերքել է լրատվամիջոցների հրապարակումը, ըստ որի ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է դատարանի աշխատակազմի կողմից։
«Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ժողովուրդ»- ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը, հետևելով դատավոր Վահե Գրիգորյանի օրինակին, աշխատանքի չի գնում, թեև նրա արձակուրդը վաղուց ավարտվել է։