«ՍԴ դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով՝ 18։00-ով, նիստը կշարունակվի վաղը ժամը 11։00-ից», այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
«Ըստ էության ՍԴ դատարանը անցում չի կատարելու օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը. քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը։ ՍԴ-ն տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքը բավարարել»,- ասաց Շաթիրյանը։
Նիստը տեսաձայնագրվելու է ամեն դեպքում, սակայն ՍԴ դատավորը ձեռնպահ մնաց ներկայացնելու՝ այն կհրապարակվի, թե ոչ։
«Թույլ տվեք անուններ չհնչեցնել, բավական երկար ժամանակ քննարկվեց հարցը, շրջանառվեցին աշխատակարգային որոշումների երկու նախագծեր։ Առաջինը վերաբերում էր լրատվամիջոցների դիմումները բավարարելուն, որը հավանության չարժանացավ, երկրորդը՝ աշխատակազմի կամ ստորաբաժանման կողմից նիստը ձայնագրելու հարցը, հավանության արժանացավ»,- ասաց Շաթիրյանը և հավելեց՝ բոլոր դատավորները ներկա էին։