Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր կլինի վերջնարդյունք, թե ինչպիսին կլինի արդյունքը, ենթադրություններ չեմ ուզում անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը։
Անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը՝ նա ասաց, որ հաշվի առնելով նրա հասցեին հնչող քննադատությունները, այն որ ՍԴ նախագահի համար ընդամենը մեկ թեկնածու է իր վերաբերմունքը կատահայտի քվեարկությամբ, որն ըստ ՍԴ աշխատակարգի, լինելու է գաղտնի։
Նա նաև տեղեկացրեց, որ հարցեր է պատրաստել թեկնածուին, որոնք կհնչեցնի՝ հաշվի առնելով այն հարցերի շրջանակը, որոնք կհնչեցվեն գործընկերների կողմից։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ուղղորդված ընտրություն է՝ Շաթիրյանն ասաց, որ դրա վերաբերյալ անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանություն տալ։
«Առնվազն իմ մասով կարող եմ շատ ընդհանրական պատասխանել, որ ես այդպիսի տպավորություն չունեմ։ Ես ի սկզբանե ներքուստ որոշել էի տվյալ փուլում ոչ ինքնառաջադրվել, ոչ էլ առաջադրել որևէ դատավորի։ Դա իմ ներքին համոզմունքն էր, այդպես նպատակահարմար համարեցի։ Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, դա նորմալ եմ համարում»։
Դիտարկմանը, թե հնարավոր համարում է, որ այսօր ՍԴ նախագահ չընտրվի, Շաթիրյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ չի բացառում։