Առավոտյան իմ ասածներից որևէ մեկը սխալ դուրս չի եկել, ինքներդ իրադարձությունները դրեք իրար կողք ու եզրահանգում արեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Հարցին, թե իր համար անսպասելի՞ էր այս սցենարը՝ նա պատասխանեց, որ իր համար ոչ մի բան էլ անսպասելի չէր։ «Երբ առավոտյան հարց հնչեց, թե հնարավո՞ր է՝ Խունդկարյանը չընտրվի, ասել եմ, որ հնարավոր է»։
Նա նշեց, որ քննարկումների մի մասին չի մասնակցել ու հաջորդ ընտրություններին կլսի քննարկումները, որից հետո էլ որոշում կկայացնի՝ թեկնածու առաջադրե՞լ, թե՝ ոչ։ «Ինչ վերաբերում է ինքնառաջադրվելուն, ապա դրա մասին ես ոչինչ չեմ ասել ու հիմա էլ ոչինչ չեմ ասում»։
Անդրադառնալով իր՝ քվեարկությանը չմասնակցելուն, ասաց, որ դրա պատճառները ներկայացրել է։ «Ես չեմ բացառել, հիմա էլ չեմ բացառում, որ ինչ-որ փուլում կարող եմ կողմ քվեարկել Խունդկարյանի թեկնածությանը»,- ասաց Թովմասյանը։