ԱԺ խորհուրդը որոշում է ընդունել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել:
Այս մասին հայտնի դարձավ խորհրդի դռնփակ նիստի ավարտից հետո:
Հիշեցնենք՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ էր գումարել:
Խորհրդի նիստին ներկա 14 պատգամավորներից 10-ը կողմ է քվեարկել որոշմանը, բոլորն էլ` «Իմ քայլից»: Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստին ներկա ԲՀԿ-ական պատգամավորների համոզմամբ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նիստին որևէ հիմնավորում չի ներկայացրել առ այն, որ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով է զբաղվել: