Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, իսկ ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 30-ը և դեկտեմբերի 4-ը»,- գրել է Զեյնալյանը: