Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը: