Նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ և Կառավարության շենքերում զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, օգտվելով ստեղծված իրավիճակից, ՀՀ կառավարության վարչական շենքում տեղակայված աշխատասենյակներից, ՀՀ Ազգային ժողովի շենքում գտնվող աշխատասենյակներից և նիստերի դահլիճից, կառավարական առանձնատնից շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են նաև առանձնապես խոշոր չափերի գույք, առևանգել են ՀՀ ԱԺ բակում կայանված պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, որոնց մի մասը քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ-ն։
Ապացույցները փաստում են, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շենքերում և շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել են հանրությանը հայտնի՝ հակաիշխանական հայացքներ ունեցող և ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համախոհները, ովքեր մի շարք դեպքերում անձամբ են իրականացրել գույքի ոչնչացումներ, վնասումներ, տվել բռնություն գործադրելու կոչեր, իրականացրել բռնի գործողություններ:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները, Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ և հարուցվել են քրեական հետապնդումներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ մարդիկ ոտքով ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է Կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, իսկ մեկ այլ խումբ ջարդուփշուր է արել ԱԺ-ի աշխատասենյակներն ու մտել ԱԺ նիստերի դահլիճ։