Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։
Իրավապաշտպան Արա Ղազարյանն Armenia Today-ի հետ զրույցում բացատրեց, որ այս տարբերակով բոլոր հայ ռազմագերիները պետք է փոխանակվեն Ադրբեջանի բոլոր ռազմագերիների հետ՝ անկախ թվային համամասնությունից։ Այսինքն՝ այդ ռազմագերիները հանցագործներ չեն և պետք է վերադառնան իրենց հայրենիք։
Ադրբեջանի նախկին փորձն աչքի առաջ ունենալով, իրավապաշտպանը նկատեց, որ ադրբեջանական կողմը փորձ կանի նաև Քարվաճառում սպանության համար դատապարտված իր քաղաքացիներին վերադարձնել։ Ղազարյանի խոսքով՝ նրանք հանցագործներ են և ձերբակալված են, ինչը չպետք է ներառվի ռազմագերիների փոխանակման գործընթացում։
«Ռազմագերիների փոխանակման հարցը կարգավորվում է հումանիտար իրավունքով՝ պատերազմից հետո ողջամիտ ժամկետներում։ Իսկ այդ ժամկետները դեռ ընթացքի մեջ են, բացառությամբ, իհարկե, գերիների նկատմամբ վերաբերմունքի»,- նշեց իրավապաշտպանը։
Արա Ղազարյանի խոսքով՝ պետք է վերադարձվեն նաև քաղաքացիական անձինք, քանի որ նրանք ռազմագերիներ չեն, այլ առևանգված մարդիկ են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հերքել է նաև սոցիալական ցանցերում տարածվող լուրը, ըստ որի՝ զորահավաքին ցուցադրվելու են հայ գերիներ։
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը գերիների վերաբերյալ վերջին տտվյալներն է հրապարակել։ Համացանցում տարածված տեսանյութերից կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել:
Բռնի անհետացած քաղաքացիական անձանց թիվը հասնում է շուրջ 40-ի:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան էլ ասել էր, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը։
Հիշեցնենք, որ 2014 թվականին Արցախում դատապարտվել են ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Նրանք դիվերսանտներ են, որոնք դատապարտվել են մի շարք հոդվածներով, այդ թվում՝ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանի սպանությունների, ինչպես նաև Քարվաճառի մեկ այլ բնակիչ Կարինե Դավթյանին ծանր վիրավորում հասցնելու համար: