Վաղը կայանալիք համապետական հանրահավաքից առաջ «Բարագավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու նպատակով կանչել են ԱԱԾ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։ Ըստ պաշտպանի՝ սա քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ փաստ է․
«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ, ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն, իմ համոզմամբ, ունի ընդամենը մեկ նպատակ․ զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու և հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը և իր պաշտպանական թիմը բազմիցս նշել են, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորումներ են, ինչի ցայտուն և վառ դրսևորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է»,- հայտարարել է նա։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից առաջ ԱԱԾ են հրավիրում։
Հիշեցնենք, որ Եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ է անցկացնում։ Եվ տեղի ունեցող բոլոր հանրահավքներից առաջ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրում։
Հավելենք, որ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն ստեղծելու պահանջ է ներկայացրել՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։