Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020թ դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ վերոնշյալ հանցավոր հնարավոր դրևորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում, հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությայմբ կենթարկվեն քրեական պատասխանատվության: