Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ գործով անցնով Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով։
Պաշտպանը ևս մեկ անգամ նշեց, որ այս գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: