Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշել է․
1. «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Թունյանին, Ա. Խաչատրյանին, Ե․ Խունդկարյանին, Է. Շաթիրյանին, Ա. Վաղարշյանին:
2. Սույն գործի դատաքննությունը նշանակել 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը
11.00-ին:
3. Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի
2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշման 3-րդ կետը,
ինչպես նաև 2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշման
2-րդ կետը:
Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ):
Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`
պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: