Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի ակցիայի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում, Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տեւական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես եւ պետության ու հասարակության շահերին»։
Նշվում է, որ դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Նշենք, որ այս օրերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ տասնյակ թվով քաղաքացիներ էին բերման ենթարկվում ոստիկանության բաժաններին, որոնք խոնչընդոտել էին տրանսպորտային միջոցների տեղաշարժը։