Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին»,- ասաց նա։
Ալումյանը նաև պատմեց, որ դատախազության ու պաշտպանական խմբի մեջև տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է Միհրան Պողոսյանի բացակայությունը հարգելի և որքանով է նպատակահարմար նիստը կրկին հետաձգելը: Արդյունքում որոշվել է եկող երեքշաբթի Խաչատուրովի պաշտպանի բացակայությունը ճշտել հենց իրենից՝ դատական նիստին ներկա լինելու պարագայում:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: