«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը այսօր կայացած երթի ժամանակ հայտարարել է, որ նախօրեին ՀՀ գլխավոր դատախազին նամակ են հանձնել, որով մի շարք հարցեր էին բարձրաձայնել, իսկ այսօր պատասխան են ստացել։
«Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին՝ ելնելով գործի շահերից, հրապարակման ենթակա չեն, սակայն, միևնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են ինչպես նաև ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները»,- ասաց Ղազինյանը և հավելեց, որ այսօր որոշել են՝ դատախազությանը խելամիտ ժամանակ են տալիս մինչև երկուշաբթի՝ ժամը 14.00-ն, իրականացնել հետևյալ քննչական գործողությունները.
▪️ Հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին
▪️ Նրան շնորհել կասկածյալի դատավարական կարգավիճակ
▪️ Անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
▪️ Կասեցնել նրա լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում
▪️ Նիկոլ Փաշինյանին՝ քրեկան օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանության հոդվածով, մեղադրանք առաջադրել և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահանջ։
Ըստ Արթուր Ղազինյանի՝ դատախազությունը ունի բոլոր լիազորությունները՝ նշված պահանջները ամբողջությամբ և լիարժեք իրականացնելու համար։
«Սկսում են անժամկետ նստացույց՝ պահանջելով անհապաղ հարցաքննել և կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին»։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։