ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախյան պատերազմի ընթացքում և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ փաստերի հավաքագրման նպատակով:
Արդյունքում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում են քրեական գործեր, որոնց վերաբերյալ ներկայացվում է հետևյալը․
Հարուցվել է 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:
ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ պատերազմի առաջին իսկ տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ:
Արցախի հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է:
2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ։
Նշվածին առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Բացի այդ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից արված՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունից ևս ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Ի դեպ, Գ. Իսաղուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց: Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռևս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ առկա են պնդումներ և ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի և կամավորականների՝ Արցախի հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային և պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, լիարժեք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Քրեական այս գործի շրջանակում մանրակրկիտ քննության առարկա կդառնա հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար՝ Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:
Վերոնշյալից բացի՝ մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ:
Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն: