Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետեւանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ այս ընթացքում ԵԽ-ին պարբերաբար տեղեկացրել է զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ կան նոր գերիներ։
«Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար»,-նշել է Հովհաննիսյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ շաբաթվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Մինչ այժմ Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։