Բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին հաղորդագրություն է
տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
««Youtube» կայք-էջում հրապարակվել է տեսանյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ: