Դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Այվազյանը մեղադրվում է Քրեական օրենգրքի 300-ի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն` իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելը և ապօրինի զենք կրելը։
Այվազյանին վերագրվող իշխանության յուրացման դրվագը վերաբերում է նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն են ստորագրել։ Այդ օրը մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասը մտել է Ազգային ժողովի շենք, իսկ մարդկանց մի խումբ էլ մուտք է գործել վարչապետի կեցավայր, այնտեղից օծանելիք ու ժամացույց վերցրել։ Քրեական գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, և Վարդան Այվազյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են որսորդական հրացաններ։
Դեկտեմբերի 12-ին Այվազյանը կալանավորվել է։ Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։