Հայաստանի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում երեկ` դեկտեմբերի 28-ին ադրբեջանցիների կողմից այդ երկրի քարտեզով ցուցանակի տեղադրումը խորը անհանգստություններ է առաջացրել Գորիսի, Որոտանի և մի շարք այլ խաղաղ բնակավայրերում: Նույնը վերաբերում է նաև ճանապարհի այդ հատվածում, ինչպես նաև Որոտան գյուղի մոտ ադրբեջանական դրոշների տեղադրմանը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Վերլուծվել են թե´ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումների դիտարկումները, թե´ տեղի համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերը:
Պարզվել է, որ Հայաստանի սահմանային բնակավայրերի միջնամասում ադրբեջանցի զինվորականները տեղադրել են ցուցանակ «բարի գալուստ Ադրբեջան» գրառումով: Այդ ցուցանակի վրա պատկերված քարտեզն ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու մեր երկրի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ դա արված է նման ընկալում առաջացնելու նպատակով: Ցուցանակը տեղադրվել է Հայաստանի մեկ քաղաքացիական բնակավայրը մյուսին կապող ճանապարհի վրա:
Սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է` առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու մյուս պատերազմական հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո: