Ռուս ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման գործը վերավորակավորել են ավելի ծանր հոդվածով: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է լավատեղյակ աղբյուրը:
«Քրեական գործը, որն ի սկզբանե հարուցվել էր ՌԴ ՔՕ 351 հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածով՝ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն),-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ եթե առաջին դեպքում նախատեսված էր մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդի պարագայում հանցագործությունը կարող է պատժվել անգամ ցմահ ազատազրկմամբ: Աղբյուրը նաև ընդգծել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ 2020թ.նոյեմբերի 9-ին երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում ռուսական մարտական ուղղաթիռ էր խոցվել, ինչի հետևանքով երկու ռուս օդաչուները զոհվել էին: Ուղղաթիռը վայր էր ընկել Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը: