2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։
«Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Սիսակ Գաբրիելյանը տուժողի կարգավիճակ ունի»,-հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և Սիսակ Գաբրիելյանի միջև: Երկուստեք հնչեցվել էին հայհոյանքներ, տեղի էր ունեցել քաշքշուկ, ապա ծեծկռտուք։