Մենք ունենք առավելագույն սահման, որից հետո չենք կարող տուգանել։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Ըստ նրա՝ եթե տնտեսվարողը խախտում է անում և տուգանվում, դրա վճարումը մինչև 5 տարի դատարանի որոշմամբ ձգձգվում է, ապա նրան ձեռնտու է այդ խախտումը։ ՏՄՊՊՀ ղեկավարը հավելել է, որ առաջարկում են, որ նշանակվող տուգանքը չլինի ստացած շահույթից պակաս:
«Մարդը չպետք է խախտում անելուց օգուտով դուրս գա»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստում քննարկվեցին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրենքի նախագծեր՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը։ Նախագծերը կներառվեն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունվարի 18-ի նիստի օրակարգում։