ԲԴԽ անդամի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հանդիպել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է ԲԴԽ նախագահի արած այն հայտարարությանը, որի համաձայն, վերջինս, տարիքի հետ կապված, չի կարող լինել ԲԴԽ անդամ:
Ջհանգիրյանը նշեց, որ եթե այսօր հայտարարում են, թե իր տարիքով պայմանավորված՝ նա չի կարող ԲԴԽ անդամ լինել, ուրեմն Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելը ևս հակասահմանադրական է: «Դա նշանակում է, որ ԲԴԽ կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր այդ միջնորդությունները, բոլորը հակասահմանադրական են: Ավելին՝ այդ դատավորներն ու դատարանները ոչ պատշաճ դատավորներ ու դատարաններ են և, հետևաբար, դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ և վերջնական դատական ակտերն ու որոշումներն ապօրինի են:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել: Ես կոչ եմ անում, որ մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնան որպես անկաշառ, անկախ դիտորդ իրավաբաններ և քննարկեն»,- ասաց նա:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ի հետ իր հանդիպմանը, Ջհանգիրյանը նշեց, որ իր կարծիքով փարատել է նրանց բոլոր կասկածները։
Հիշեցնենք, որ երեկ էլ տեղի է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի հանդիպումը ԲԴԽ անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած «Իմ քայլը» խմբակցության հետ, որից հետո նա կրկին պատասխանել էր լրագրողներին հետաքրքրող հարցերին։