ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են կառավարության, իշխող քաղաքական ուժի անդամներն իրենց արտահայտություններում անթույլատրելի բառապաշար օգտագործում, ինչը հակասում է Կառավարության կողմից Ադրբեջանի՝ հակահայ գործունեության դեմ սկսված իրավական գործընթացներին։
Նա անընդունելի համարեց համակեցության պայմանների մասին Կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, երբ որ թշնամի պետությունը հայատյացություն է քարզում։ «Այս պայմաններում մեր կողմից բարեկամական հարաբերություններ սկսելը հակասում է մեր կողմից ռասսայական խտրականության կոնվենցիայի շրջանակում նախաձեռնված գործընթացին։ Նրանք, ովքեր շահագրգիռ են տնտեսական զարգացման հարցերում, հորդորեք, որ իրենց բառապաշարում ճիշտ մտքեր օգտագործեն»,-նշեց Սիմոնյանը՝ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանին ուղղված իր հարցում։ Բադասյանը նշեց, որ չի կարծում, որ տրանսպորտային ուղիների շրջափակումը որևէ իրավական գործընթացի հարցով սահմափակող դեր կունենա։
Շարունակելով իր խոսքը՝ Սիմոնյանն ընդգծեց, որ միջազգային հանցագործություն կատարած անձնաց հետ բարեկամական հարաբերություններ սկսելն անհնար է։ Նա հույս հայտնեց, որ Կառավարությունն անհրաժեշտ գործընթաց կսկսի միջազգային ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։
Բադասյանը նշեց, որ կառավարությունը բոլոր անհրաժեշտ կոնվեցիոն գործիքներն օգտագործում է ՀՀ շահերը ներկայացնելու գործում։ «Սա կարևոր է արձանագրել, քանի որ քարոզչություն է գնում՝ ներկայացնելու կառավարության անգործությունը»,-ընդգծեց նա։ Միջազգային ահաբեկչության ֆինանսավորման հարցի հետ կապված էլ հայտնեց, որ իրավասու մարմինը Կենտրոնական բանկն-ն է, և համապատասխան միջոցառումներն իրականացվել են դեռևս անցած տարի։