Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին որոշումը ՀՀ կառավարության այսօրվա նիստի որոշմամբ կշարադրվի նորովի։
Հողամասի, շենք-շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:
«Նախագծով կարգավորվել են թե՛ ոստիկանությանը դիմելու, թե՛ լիազորելու կարգն ու պայմանները, թե՛ ներխուժումը վերացնելու կարգն ու պարտականությունները»,-ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս որոշման առիթով ասաց, որ բազմիցս բախվել են ուրիշին պատկանող սեփականության հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունների, բայց վերադարձնելու հետ կապված ընթացակարգային խնդիրներ են առաջացել։ Նախագծի փոփոխությունը հնարավորություն կտա ավելի սեղմ ժամկետներում կարգավորել այդպիսի հարցերը։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Նախագծով առաջարկվում են իրավակարգավորումներ, որոնց ընդունման պայմաններում կապահովվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Նախագծի ընդունման դեպքում կստեղծվեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր՝ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման համար: