Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ինչպես նաև հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթներն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից։
Փաստաբան, հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանի հետ զրուցել ենք վերոնշյալ մարմինների ստեղծման անհրաժեշտությանն ու ոլորտին առնչվող մի շարք խնդիրների մասին։ Armenia Today-ի հետ զրույցում Մ․ Ատովմյանը նախ նկատեց, որ դեռ նախորդ կառավարությունների օրոք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ քննարկումներ են եղել։
«Դեռ այն ժամանակ մի քանի տարբերակներ էին դիտարկվում, որոնցից մեկն ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելն էր։ Այսինքն, առաջարկվում էր մեկ մարմնում մեկտեղել կոռուպցիոն հանցագործությունների քննությունը, կոռուպցիայի կանխարգելումը և հակակոռուպցիոն կրթությունը: Երկրորդ տարբերակն այն էր, որ ոչ թե միասնական, այլ մի քանի մարմիններ ստեղծվեին, որոնցից մեկը կզբաղվեր կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության հարցերով, իսկ մյուսը՝ կլիներ իրավապահ քննչական մարմին, որը կզբաղվեր կոռուպցիոն հանցագործությունների քննության հարցերով։ Դեռ նախորդ կառավարությունը նախընտրությունը տվեց հենց այս տարբերակին, որով և սկսեցին զարգանալ գործընթացները։ Որպես կոռուպցիայի կանխարգելման, կրթական հարցերով զբաղվող մարմին՝ սկզբից ստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Երկրորդ մարմնի ստեղծումը շատ ավելի հետ ընկավ, և հիմա նոր-նոր այդ մարմինն է ստեղծվում»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էության, քննչական մարմին է լինելու, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ դրա հետ մեկտեղ ունենալով հետախուզական գործառույթներ։
Անդրադառնալով նման մարմինների անհրաժեշտությանը՝ Մ․ Ատովմյանը դիտարկում արեց երկու տեսանկյունից։
«Մի խնդիրը հետևյալն է․ Հայաստանում կան մի շարք իրավապահ մարմիններ, որոնք քննում են կոռուպցիոն հանցագործություններ կամ առնչվում են կոռուպցիոն հանցագործություններին։ Մասնավորապես, խոսքը ՀՀ ոստիկանության, Քննչական կոմիտեի, ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի, ինչպես նաև Դատախազության մասին է: Իմ կարծիքով, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող այդքան մարմիններ ունենալն այդքան էլ ճիշտ չէ։ Հարցն արդյունավետությունն է, որովհետև, ամեն դեպքում, կոռուպցիոն հանցագործություններն ունեն իրենց առանձնահատկությունը, բարդության տարբեր աստիճաններ։ Այս ամենն իր հերթին որոշակի մասնագիտացում է պահանջում։ Երբ այդ առումով պատկերը խայտաբղետ է, մի մարմինը կարող է ավելի պրոֆեսիոնալ ու ավելի լավ քննել, մեկը՝ ոչ։ Այս տեսանկյունից խնդիր կառաջանա։ Եվ այս առումով հույս ունեմ, որ սա հնարավորություն կտա ավելի մասնագիտացված, ավելի պրոֆեսիոնալ, ավելի համակարգված դարձնել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ու քննությունը։ Գաղափաը սա է, իսկ թե որքանով կհաջողվի այն կյանքի կոչել, այլ խնդիր է, որովհետև, առհասարակ, մեր պետական, իրավապահ մարմինների առումով բազմաթիվ խնդիրներ ունենք, մասնավորապես՝ կապված թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ բարեխղճության և թե՛ այդ մարմինների ներսում կոռուպցիոն դրսևորումների բացառման խնդրի հետ։ Ժամանակը ցույց կտա, թե այս նոր հակակոռուպցիոն կառույցները որքանո՞վ արդյունավետ կլինեն և որքանո՞ վ որակ կապահովեն»,-նշեց Մ․ Ատովմյանը։
Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ նա նշեց․
«Մենք, առհասարակ, ինստիտուցիոնալ բնույթի լուրջ խնդիրներ ունենք մեր երկրում։ Եվ, բնականաբար, դա վերաբերում է բոլոր մարմիններին, իշխանության բոլոր թևերին։ Չեմ կարծում, որ այս նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները զերծ կլինեն այդ խնդիրներից։ Մեզ մոտ, ցավոք, ըստ իս, դեռ անտեսված է մնում հակակոռուպցիոն կրթության կարևորագույն բաղադրիչը։ Մենք ավանդաբար շեշտադրումը դնում ենք կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա։ Կանխարգելման համակարգն ինչ-որ ձևով գործում է, իհարկե, զերծ չլինելով թերություններից։ Բայց, իմ պատկերացմամբ, հակակոռուպցիոն կրթության կարևոր բաղադրիչը մեզ մոտ ավելի անտեսված է, և մենք այդ բաղադրիչի ձևավորման, կայացման և զարգացման հետ կապված շատ լուրջ անելիքներ ունենք»։